Գերմանիայի ֆուտբոլի գավաթի եզրափակիչում հանդիպեցին երկրի այս տարվա չեմպիոնությունը նվաճած Դորտմունդի «Բորուսիան» և Մյունխենի «Բավարիան»: Վերջիններս փայլուն հնարավորություն էին ստացել որոշակիորեն շտկելու սասանված հեղինակությունը, սակայն դորտմունդցիներն այս մրցաշրջանում նրանց համար այդպես էլ մնացին անհաղթահարելի:
Ինչ վերաբերում է խաղի բովանդակային կողմին, քիչ է ասել, թե «Բորուսիան» հաղթեց: Այն պարզապես քարը քարի վրա չթողեց` խփելով հինգ գնդակ, սեփականն ընդունելով երկուսը: Սեփական երկրպագուի առաջ մրցաշրջանի արդյունքով վերջնականապես պատվազրկված չլինելու համար «Բավարիային» այլևս ոչինչ չի մնում անելու, քան Եվրոպայի չեմպիոնների լիգայում «Չելսիին» հաղթելը: Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կայանալու է մայիսի 19-ին:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ